«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Վազգեն Գևորգյան-101

Վազգեն Գևորգյան-101
30.04.2025 | 21:02

Դասախոսը՝ ուսանողի հուշերում

Գրականագետ, թարգմանիչ, գրաբարի բացառիկ գիտակ:

35 տարի գրաբար է դասավանդել ԵՊՀ-ում: Այսօր նրա անունով է կոչվում հայ բանասիրության ֆակուլտետի լսարաններից մեկը:

Զեմֆիրա_Պետրոսյան-ը հիշում է.

Ժամանակ, տարածություն, հեռու, մոտիկ` մտքի համար վայրկյանի թռիչք է...

... Աչքիս առաջ եկավ Վազգեն Գևորգյանը`

ԳՐԱԲԱՐԻ ՔՈՒՐՄԸ, որ պաշտում էր Լերմոնտովին՝ իր նման տարօրինակին, տանել չէր կարողանում Տոլստոյին, որ «քանի կար`օգտվում էր աշխարհիկ բոլոր հաճույքներից, օր ծերության հրաժարվեց, դարձավ սուրբ»:

Միշտ կատեգորիկ էր.

«Էն Աննա Կարենինան...

գլխադատարկի մեկը, սիրահարվեց իր նման մի ուրիշ գլխադատարկի:

Իբր էն Կիտի միտիի պատմությունը.. ի՞նչ կապ ունի:

Թող մի հատ Պեչորինի պես կերպար ստեղծեր»։

Անվերապահ հիանում էր Հովհաննես Խան-Մասեհյանի թարգմանությամբ և սքանչացած ամբողջ մենախոսություններ էր արտասանում, ավելի ճիշտ, ոգում էր «Համլետ»-ից.

«Օ, եթե այս պինդ, խիստ պինդ մարմինը

Հալվեր ու լուծվեր և փոշի դառնար...»

Կասեք՝ այս մարդը գրաբա՞ր էր դասավանդում։

Ճի՛շտ այդպես։

Այն էլ՝ ծայրաստիճան անողոք բծախնդրությամբ։

Մեկ-մեկ կատակում էր.

«Տեսնեմ, աշխարհաբարը չե՞մ մոռացել»։

Քերականության հետ միասին պարտադիր պետք է գոց իմանայինք Գողթան երգերը՝ սկսած`«Երկներ երկին»-ից։

-Ընկե՛ր Գևորգյան, ինչու՞ եք պահանջում, որ անգիր անենք։

-Ջանի՛կս, օրերից մի օր գրաբարը կմոռանաք, բայց այս հատվածները միշտ կհիշեք։

Հերթը հասավ «Ողբ»-ին.

-Ողբա՛մ զքեզ, Հայոց աշխարհ, ողբա՛մ զքեզ, հանուրց հիւսիսականաց վեհագոյնդ...

-Ընկեր Գևորգյան, ինչու՞ է Խորենացին մեզ անվանում բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույն։

Զգացվեց, որ հարցը ցավոտ էր.

-Ջանի՛կս, 5-րդ դարում Սովետական Միություն չկար հյուսիսում՝ իր «բարիքներով»...

ՈՒ երկար թվարկեց «բարիքները».

«-Նարեկացուն էլ անպայման ուզում են դուրս բերել թոնդրակեցի... կարծես դրանից դառնալու էր ավելի մեծ, քան կա»:

...Հասավ Տիգրան Պետրոսյանին։ Մեր հայրենակիցն այն ժամանակ շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն էր և փառքի գագաթնակետին։

«Խեղճ երեխան որբ էր, քրոջ հետ պիոներտան նստարաններին էին քնում..

չեմպիոն դարձավ, տեր կանգնեցին...»

Չմոռանանք՝ 71 թիվն էր՝ երկաթյա վարագույր կար ու աստվածամերժ երկիր, նման բաները չէին ներվում։

Նրան հունից հանում էր մեր ոսկեղենիկ լեզվի հանդեպ յուրաքանչյուր մեղանչում՝ ինչ փաթեթով էլ լիներ։

Դատափետում էր Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկ»-ի ոճավորումը՝ ա՛յդ որակի աղավաղված գրաբարով։

Մի օր աղջիկներից մեկը «Ո տայր ինձ զծուխ ծխանին» այսպես արտասանեց.

...Զվազելն եԶանց եւ զվարգելն եղջերուաց...

Պետք է լիներ եՂանց (եղնիկների):

-Ջանիկս... ինչպե՞ս:

Աղջիկը նույնությամբ կրկնեց սխալով բառը՝ դրանով իսկ հասկացնելով, որ զգացել է` որտեղ է վրիպակը.

-ԵԶանց...

-Ա՛յ աղջիկ,- ձայնը բարձրացրեց Գևորգյանը, - եզների վազելու մեջ ի՞նչ մի էսթետիկական բան կա, որ Արտաշեսը մեռնելիս դա հիշեր...

Նարեկացուն անդրադառնում էր ամեն առիթով.

«Պեչորինի մասին հայտնի արտահայտությունը` «աչքերը չէին ծիծաղում, երբ նա ծիծաղում էր», մեծ հետաքրքրություն էր առաջացրել գրական շրջանակներում, բայց Նարեկացին նույն միտքը հազար տարի առաջ է ասել.

«դեմքը ծիծաղկոտ, աչքը` ողբի մեջ... »

Մարդկային էության երկվությունը...»:

Բոլոր բանասերները գիտեին, որ երբ ասում ենք Վազգեն

Գևորգյան, հասկանում ենք Գրիգոր Նարեկացի։ Նրա Սրբություն Սրբոցը։

Մի ավելի թունդ միջադեպ եղավ, հակառակի պես, նույն աղջկա հետ։ Առհասարակ պարտաճանաչ՝ նա «Մատյան»-ից մի ընտիր կտորի մեջ բառ բաց թողեց.

-Մի՛ տացէս (մի՛ տուր) ինձ արգանդ սրտի

անորդի

Եվ ստինս աչաց ցամաքեալս, ով Ամենագութ (եւ աչքերի ցամաքած ստինքներ)-ի փոխարեն ասաց.

«ստինս ցամաքեալս»:

Ամպրոպն անխուսափելի էր. ասացի չէ՞, անողոք բծախնդիր էր...

-Ջա՛նիկս, - նետեց անժպիտ հեգնանքով, - Նարեկացին քեզ նման ստինքներ չուներ, որ ցամաքեն...

Մի ամբողջ կյանք աշխատեց Վազգեն Գեվորգյանը «Մատյան»-ի ընտիր հատվածների ծաղկաքաղի և «Տաղեր» -ի աշխարհաբար թարգմանության վրա։ Հիմա դրանք զետեղված են դպրոցական դասագրքերում։ Իսկ մինչ այդ, կենտրոնական թերթերից մեկում մի հայտնի գրականագետ խիստ, եթե չասենք ոչնչացնող գրախոսական տպեց նրա աշխատանքների վերաբերյալ։

Այդ օրը Գևորգյանը մտավ լսարան մռայլ, անհաղորդ։ Թվաց՝ ավելի նիհար էր ու ջղուտ, քան սովորաբար։

Երկար լռեց, հետո ասաց.

-Վարագ Առաքելյանն իր խիղճը ծախեց։

Վ.Գևորգյանը Հրաչյա Աճառյանի աշակերտն էր։

-Ա՛յ, այսպես, երեխայի նման ձեռքիցս բռնել է և գրաբարի երկհնչյունները սովորեցրել։

Երեք տարվա մեջ չկար մի օր, որ առիթ չգտներ խոսելու սիրելի ուսուցչի մասին։

Մի անգամ ինչ-որ բառի բացատրություն էինք ուզում իմանալ, կատակեց.

-Պատահում էր, որ Աճառյանն ասում էր.

«Մոռացել եմ, իմ բառարանում նայեք»:

Երբեմն զվարճալի դեպքեր էր հիշում։

« -Մի անգամ պարսկերենի ժամին վերևներից դասը լսողներ էին եկել։

Գրատախտակի մոտ կանգնած աղջիկը բառեր էր գրում`ակնհայտ սխալներով։ Աճառյանը նայում էր ու խրախուսում

-Ապրե՛ս, ...ճիշտ է, ....շարունակի՛ր .. և այլն։

Մենք զարմացել էինք։

Հաջորդ օրը մտավ լսարան և ասաց.

-Ա՛յ աղջիկ, երեկ էն ի՞նչ հիմարություններ էիր գրում... Ասենք թե լսողները ոչինչ չէին հասկանում, ես էլ օտարների մոտ ձայն չհանեցի...

Էդպես բարի մարդ էր»:

Աիդա ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 731

Մեկնաբանություններ